ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սպառնալիքներ արդի հայ հասարակության համար

Սպառնալիքներ արդի հայ հասարակության համար
09.02.2018 | 04:14

Ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցման շատ հիվանդագին գործընթացով: «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի դահլիճում վերջերս կազմակերպված համաժողովում հանդես գալով «Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը. սպառնալիքներ արդի հայ հասարակության համար» վերտառությամբ զեկուցմամբ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը ներկայացրեց բազմաթիվ փաստեր, իրողություններ, որոնք վկայում են վերոնշյալ գործընթացի ոչ միայն շատ հիվանդագին, այլև վտանգավոր լինելու մասին:

Պարոն Սաֆարյանը նախ անդրադարձավ այն իրողությանը, որ արևմտյան աշխարհը և նրա առաջնորդ ԱՄՆ-ը հսկայական ջանքեր են գործադրում ժամանակակից աշխարհակարգում իրենց տիրապետող դիրքը պահպանելու համար և ձգտում են թույլ չտալ աշխարհաքաղաքական մրցակիցների (հակառակորդների), առաջին հերթին, Ռուսաստանի և Չինաստանի զարգացումն ու ուժեղացումը:
«ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության ռազմավարության մեջ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իրանն ու ԿԺԴՀ-ն նշված են իբրև հակառակորդներ «ագրեսիվ մղումներով», և խնդիր է դրված ցանկացած միջոցներով զսպել նրանց ակտիվությունը,- ասաց Արամ Սաֆարյանը:- Մասնավորապես` ժամանակակից Ռուսաստանի ողջ շրջապատը` Բալթիկայի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս, այսօր հանդես է գալիս իբրև անկայունության գլոբալ կորագիծ, որը լեփ-լեցուն է տարբեր տրամաչափի հակամարտություններով և առճակատումներով, որոնք սպառնում են ինչպես առանձին տարածաշրջաններին, այնպես էլ միջազգային հանրությանն ամբողջությամբ:


Արևմուտքի քաղաքական վերլուծաբաններն այն կարծիքին են, որ 2018 թվականը կնշանավորվի մեծ Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում, Հարավ-արևելյան Ասիայում և արևմտյան քաղաքակրթության և ուղղափառ քաղաքակրթության (ըստ Ս. Հանթինգթոնի) շփման ամբողջ գծով լարվածության հետագա աճով: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, ՀԱՊԿ կազմակերպչական ձևավորումն ու ակտիվությունը արևմտյան ստրատեգների կողմից ընկալվում են իբրև Ռուսաստանի փորձ` վերականգնելու նախկին Խորհրդային Միությունը և դրսևորվելու որպես գլոբալ այլընտրանք ժամանակակից արևմտյան աշխարհին»:
Ժամանակակից հյուսիսային եվրասիական տարածքի (որպիսին է հետխորհրդային տարածքի մեծ մասը, որը ցանկանում է ինտեգրվել և զարգանալ ընդհանուր տարածության մեջ) տեսաբաններն ու հետազոտողները, քաղաքական վերլուծաբանի հավաստմամբ, վերջին երկու տարում հիմնավորապես ապացուցել են, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը հինգ հետխորհրդային երկրների հիմնավորված և լավ մտածված ձգտումն է` զարգացնելու իրենց տնտեսությունն ընդհանուր ինտեգրացիոն տարածքում, ակնկալել օգուտներ և շահեր ինտեգրացիոն գործընթացի ներուժի կենսագործումից:


Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երրորդ ալիքի երկու ծանր տարիներից հետո 2017 թ., ըստ բանախոսի, նշանավորվեց ակնառու դրական գործընթացներով ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսություններում, ինչը ստիպեց խոսել այդ տնտեսությունների` կայուն աճի մայրուղի ոտք դնելու մասին:
«Սա,- շարունակեց Արամ Սաֆարյանը,- չարացնում է Արևմուտքի ստրատեգներին, որոնք ցանկանում են ամեն գնով թուլացնել Ռուսաստանը, զրկել նրան մերձավորագույն դաշնակիցներից և ազդեցության ոլորտներից, մեկուսացնել միջազգային գործընթացներից, ստիպել նրա քաղաքական ղեկավարությանը` հրաժարվելու աշխարհում սեփական կենտրոն կերտելուց և դարձնել նրան վերահսկելի Արևմուտքի կողմից:
Միանգամայն ակնհայտ է, որ Արևմուտքում հակառուսական ալիքի համար վերջին առիթը դարձան ուկրաինական իրադարձությունները: Ռուսաստանն ընկալեց դրանք իբրև սպառնալիք սեփական քաղաքակրթությանը, իր հասարակության և պետության խորքային շահերին, և իրականացրեց կանխարգելող պաշտպանական միջոցներ` թույլ չտալու համար սեփական քաղաքակրթական հիմքերի թուլացում և քայքայում: Այն հիմքերի, որոնք ներկայացնում են նրա աշխարհաքաղաքական տեղը ժամանակակից աշխարհում: Արևմուտքը, որը տարիներ շարունակ իրականացնում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականություն, և վաղուց է դուրս եկել սեփական քաղաքակրթական տարածքի սահմաններից, ջանքեր է գործադրում իր հետագա ընդլայնման համար և ընկալում Ռուսաստանի ակտիվությունը որպես «ագրեսիա», դարձնելով նրա դեմ պայքարը իր քաղաքականության առաջնահերթություն: Այսպիսով, ուկրաինական իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես և վերաբերմունքը սիրիական իրադարձությունների նկատմամբ` բնորոշում է տարբեր երկրների վերաբերմունքը Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատմանը, ինչպես նաև վերաբերմունքը կողմերի դիրքորոշումների հանդեպ, ինչպես քաղաքական, քաղաքացիական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից»:
2018 թ., ըստ քաղաքական վերլուծաբանի, դոմինանտ կդառնա ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայքարը` Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում թույլ չտալու, Ռուսաստանի դաշնակիցներին նրանից հեռացնելու, եվրասիական տարածքում ինտեգրացիան և միավորման ջանքերը արգելափակելու համար: Եվ չնայած շատ արևմտյան վերլուծաբաններ համակարծիք են, որ Թրամփի վարչակարգի ժամանակ նեոլիբերալ գաղափարների գերակայությունը կնահանջի, բոլորովին պարզ չէ, թե այդ դեպքում ինչպե՞ս են շարունակելու իրենց գործողությունները եվրասիական նորարարությունների և ինտեգրման գործընթացների դեմ Լեհաստանը, Շվեդիան, Գերմանիան և Հոլանդիան: Կամ էլ հարց` Մեծ Բրիտանիան, առանց ԱՄՆ-ի աջակցության, արդյոք կշարունակի՞ առաջ մղել հետխորհրդային տարածքի համար անընդունելի, չափազանց կասկածելի բնույթի բարեփոխումները, հիմնվելով միայն սեփական տեսլականի և ներուժի վրա:


«Նախկին Խորհրդային Միության անկումից հետո տպավորություն ստեղծվեց, որ «սառը պատերազմում» նրա պարտությունով աշխարհը դադարեց գտնվել գլոբալ առճակատման վիճակում, իսկ նոր Ռուսաստանը և նրա դաշնակիցները շատ արագ կինտեգրվեն մեծ Արևմուտքի համակարգ,- ասաց Արամ Սաֆարյանը:- Սակայն երբ 2000-ական թվականներին պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենալու, իսկ հետխորհրդային տարածքը ժամանակակից Արևմուտքի կողմից դիտարկվում է լոկ իբրև տարածք հարուստ բնական պաշարներով և որոշակի շրջանակներում պիտանի մարդկային ներուժով, Ռուսաստանը հանդես եկավ նախաձեռնությամբ` դառնալու բազմակենտրոն աշխարհի ինքնուրույն բևեռ, ինքնաբավ ազդեցության և ձգողականության կենտրոն իր ավանդական դաշնակիցների համար: Արդյոք առճակատման ժամանակակից իրողությունները կկրկնե՞ն «սառը պատերազմի» դարաշրջանը, թե՞ դրանք կընդունեն ինչ-որ այլ ձև, ավելի շատ ակադեմիական հարց է: Ակնհայտ է, որ քաղաքական իրողությունների տեսանկյունից հենց այդ առճակատումն է մեծապես բնորոշելու մեծ մասամբ Ռուսաստանի վերաբերմունքը իրեն շրջապատող աշխարհին, իր դաշնակիցների և գործընկերների հանդեպ, իր ազդեցության ավանդական ոլորտներին»:


Հիշյալ ՀԿ-ի ղեկավարի հավաստմամբ, միանգամայն ակնհայտ է նաև, որ դա շատ զգայուն հարց է ռուսական քաղաքականության համար, և հենց այդ պատճառով էլ համախմբում է ռուսաստանյան հասարակության ճնշող մեծամասնությանն իր քաղաքական ղեկավարության շուրջը, ստիպելով գեներացնել արտաքին ներխուժումներից ռուսաստանյան պետության, ռուսաստանյան հասարակության արդիական արժեքների, ռուսաստանյան քաղաքակրթության պաշտպանության համար նոր գաղափարներ և մոտեցումներ:
«Այստեղ,- շարունակեց Արամ Սաֆարյանը,- քիչ նոր բան կա, եթե ուսումնասիրենք վերջին երկու հարյուր տարիների պատմությունը: Նոր է միայն այն, որ ռուսաստանյան-եվրասիական քաղաքակրթության պաշտպանության ապահովման ձևերը ձևակերպում են նոր տերմիններ, մեծ մասամբ նոր հասկացությունների ապարատ, նոր կատեգորիաներ` գաղափարախոսության կառուցման համար, որոնք բնորոշ են մեր օրերին»:
ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ բանախոսի, բազմաթիվ հետխորհրդային քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել գաղափարախոսությունների ավարտի դարաշրջանի մասին: Վերջին քսանամյակի պատմությունը ցույց տվեց, թե որքան սխալ էին նրանք: 2000-ականների սկզբին արևմտյան հետազոտողները նշում էին, որ հետխորհրդային տարածքը հանդիսանում է աշխարհում ամենաապագաղափարականացվածը, և դա ուղղակի զարմացնում է: Այդ համապատկերում արևմտյան երկրները, կենսագործելով իրենց ռազմավարական մշակումները, ավելի ու ավելի խոր էին ներթափանցում հետխորհրդային հասարակությունների մեջ` ավանդական դեմոկրատական գաղափարներից հետո տարածելով արդեն ավելի վիճելի, իսկ մեծ մասամբ նաև անընդունելի լիբերտարիան արժեքներ` շատ կոնկրետ նպատակներով:


«Հարկ է մանրամասն կանգ առնել այդ նպատակների վրա,- ասաց քաղաքական վերլուծաբանը:- Հետխորհրդային երկրներին սկզբում թվում էր, թե արևմտյան դիտորդները, քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները և ոչ կառավարական կազմակերպությունները աշխատանք են տանելու` նորանկախ պետություններն իրենց մոտեցնելու և արևմտյան արժեքների մեծ համակարգ ընդգրկելու համար: Սակայն պարզվեց, որ իմաստ չունի սպասել Եվրոպական միություն Վրաստանի, ՈՒկրաինայի կամ Մոլդովայի արագ ընդունմանը (եթե երբևէ տեղի է ունենալու), ինչ-որ մի ընդհանուր տարածքի ձևավորմանը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ` ընդհանուր քաղաքական արժեքներով, ընդհանուր տնտեսությամբ և նման քաղաքացիական հասարակություններով: Արևմուտքը շատ հստակ նշագրեց, որ միավորման փոխարեն լավ կլինի մտածենք ենթարկվելու մասին, քաղաքական մշակույթների մերձեցման փոխարեն արևմտյան ռազմավարություններին կուրորեն ենթարկվելու: Դա հասկանում են բոլոր հետխորհրդային հասարակություններում և ձգտելով խուսափել բացահայտ առճակատումից և թշնամանքի հրահրումից, հնարավորություններ են փնտրում` նոր պայմաններին հարմարվելու և այդքան անհրաժեշտ ինտեգրման գործընթացի զարգացման համար շրջապատող անբարյացակամության դժվարին պայմաններում:


Հասկանու՞մ ենք արդյոք մենք մեր ժամանակակից հայկական հասարակության մեջ, որ արևմտյան երկրների ճնշումը` մեր հասարակության բարոյականությանն ու ավանդական արժեքներին արմատապես հակասող օրենքների ընդունման նպատակով, ուղղված են ոչ թե մեր հասարակության ներուժի ուժեղացմանը, այլ թուլացմանը, ամբողջությամբ վերցրած` ցանկացած արտաքին բացասական ազդեցության դեմ ազգային և քաղաքացիական դիմադրությունն արմատախիլ անելուն:
Հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ հասարակությունը, որը զրկված է որևէ մեծ նպատակ հետապնդելուց և լավագույն ապագայի իրական հույսերից, դատապարտված է խարխափելու օտար արժեքների և անհասկանալի բարոյականության խավարում: Արդյոք դրա՞ն էին ձգտում վերջին քսան տարիների քաղաքական բարենորոգիչները, որոնք խոսքով հաստատում էին անկախությունը, ազգային ինքնիշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները որպես բացարձակ արժեք: Նայե՛ք, խնդրեմ, արևմտյան երկրների և կառույցների աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին. արհամարհանք դեպի Հայ առաքելական եկեղեցու բազմադարյան ավանդույթները, հայ-ռուսական բարեկամության ավանդույթները, մտածողության մեջ վերջին 200-300 տարվա ընթացքում ձևավորված արժեքները, արհամարհանք այն ամենի հանդեպ, ինչը պարունակում է «քաղաքակրթություն» հասկացությունը»:


Արամ Սաֆարյանի հավաստմամբ, համոզված կարելի է ասել, որ շատ ակտիվ, շատ մանրամասն մտածված և շատ հետևողական գծի իրականացման շնորհիվ, արևմտամետ հասարակական կազմակերպություններին, արևմտամետ քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին և ինտելեկտուալներին հաջողվել է գաղափարախոսությունների և արժեքների պայքարի գիծը տանել` հայկական հասարակության մեջ ճեղք առաջացնելով, այն բաժանելով երկու մասի, որոնք իրար հավասար չեն: Մի կողմում հայ հասարակության ճնշող մեծամասնությունն է: Այն դեմ է լիբերտարիան բարեփոխումներին և Արևմուտքի գործողություններին, որոնք ուղղված են ավանդական արժեքների քանդմանը: Սակայն հասարակության այդ մասը որևէ կերպ կազմակերպված չէ, շատ թույլ է ներկայացված երկրի քաղաքական և հասարակական դաշտերում և գտնվում է լատենտ իրավիճակում, փնտրելով առաջնորդներ և ակտիվիստներ, որոնք պատրաստ կլինեն ազնվորեն և հետևողականորեն պաշտպանելու այդ ավանդական արժեքները:
«Մյուս մասը,- շարունակեց քաղաքական վերլուծաբանը,- մի քանի հազար արևմտյան հասարակական ակտիվիստներն են, այն քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, որոնք անվերապահորեն լծվել են կենսագործելու արևմտյան լիբերտարիան արժեքները, որոնք հասարակությանը տրամադրում են` ընդունել այդ նույն արժեքները, և որոնք հեռու են պահում Հայաստանի իշխանություններին` արևմտյան ճնշումներին չենթարկվելու քայլերից: Այդ մեծ խմբավորումը (որն այլ կերպ չես էլ անվանի) ամբողջովին բաղկացած է միայն առաջնորդներից և ակտիվիստներից, նրանք չունեն ոչ քաղաքական, ոչ ոգեղեն, ոչ նյութական շահագրգռություն` պահպանելու և ամրապնդելու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, եվրասիական տարածքի երկրների հետ համագործակցությունն ու գործընկերությունը: Նրանց համար հայ-ռուսական դաշինքի մասին խոսակցությունները հանդիսանում են հոգսաշատ թեմա և «անխուսափելի չարիք», անհետաքրքիր, բայց առայժմ պարտադիր երևույթ:


Սերունդը, որը դաստիարակվել է խորհրդային հասարակությունում, խորհրդային ավանդույթների պայմաններում, անշեղորեն ծերանում է, չնայած առայժմ մեր հասարակության դեմքն է: Երիտասարդ սերունդը դաստիարակվում է պրագմատիզմի, օգուտի և շահի գաղափարների վրա և իր վրա կրում է վերջին երկու տասնամյակների կրթական և դաստիարակչական համակարգերի լավի ու վատի բոլոր կնիքները: Մեր երիտասարդությունը քիչ բան գիտի այն մասին, ինչ մենք անվանում ենք ժամանակակից եվրասիական քաղաքակրթություն»:
Մեր երիտասարդությունը, ըստ Արամ Սաֆարյանի, կուզենար ավելի շատ բան իմանալ Հյուսիսային Եվրասիայի քաղաքակրթության մաս կազմող ժողովուրդների համակեցության և փոխգործակցության իրական պատմության և դրական ավանդույթների մասին: Եթե մենք ամենալուրջ ուշադրությունը չդարձնենք մեր երեխաներին, պատանիներին և երիտասարդությանը` ավագների համար ընդունելի ավանդույթների ոգով, և նրանց չմերձեցնենք մեր արժեքներին, ապա, քաղաքական վերլուծաբանի հավաստմամբ, հաջորդ սերունդը, որը կբնորոշի մեր երկրի վաղվա քաղաքականությունը, բարոյականությունը և հասարակական դիմագիծը, կլինի անօգնական և, մեծ հավանականությամբ, կկրկնի այն սխալները, որոնք անցյալում մեր ժողովրդի համար ողբերգական հետևանքներ են ունեցել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ